Ծրագրի փորձարկման փուլ · 2024–2025
ԳԻՏԱՀԵՆ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ԽՄԲԱԿՆԵՐ
Արտադասարանական ծրագիր ավագ տարիքի աշակերտների համար՝ մաթեմատիկա և ալգորիթմական մտածողություն։
ԱվելինԾրագրի մասին
Գիտահեն կրթակարգ
«Գիտահեն» կոդավորման խմբակի ծրագիրը որպես կրթակարգ նախատեսված է ավագ տարիքի աշակերտների համար, քանի որ այն կենտրոնանում է մաթեմատիկական միեւնույն ժամանակ ալգորիթմական մտածելակերպ զարգացնող կրթական մեթոդաբանության վրա։
Ծրագրի տեւողությունը 2 կիսամյակ է կամ 1 ուսումնական տարի։ Խորհուրդ է տրվում շաբաթական իրականացնել առնվազն 2 դասաժամ, իսկ հնարավորության դեպքում ավելացնել որոշ լրացուցիչ ժամեր հատուկ հետաքրքրված աշակերտների համար։
Տեսանյութ
Ծրագիրը տեսանյութով
Ծրագրի նպատակներն են
Ուսումնական բովանդակություն
Ուսումնական բովանդակությունը բաղկացած է հետևյալ թեմաներից՝
- Մաթեմատիկական գրաֆիկներ
- Մաթեմատիկական վիճակագրություն
- Գծային ռեգրեսիա
- Ինտերպոլացիոն բազմանդամ
- Թվային շարքեր
- Հիստոգրամ
- Գրաֆներ
- Տվյալների բազա
- Մեքենայական ուսուցման ներածություն
- Նեյրոնային ցանցերի ներածություն
- Ավարտական նախագիծ
Ծրագրի բովանդակության մշակման հիմք է հանդիսացել Այլագիր կոդավորման մրցույթը։ Այլագիր մրցույթի մասին կարող եք տեսնել այստեղ՝ Այլագիր։
Ներդրում
Ներդրումը ՀՀ հանրակրթական դպրոցներում
«Գիտահեն» կոդավորման խմբակի ներդրման միջոցով մենք ձգտում ենք ստեղծել կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող պատրաստ կլինի տվյալահեն որոշումներ կայացնելու միջոցով՝ անձի, համայնքի եւ պետության մակարդակով դիմագրավել գիտության եւ տեխնոլոգիաների մարտահրավերներին, ինչպես նաև հնարավորություն կունենա զարգացնել իր հմտությունները եւ կոմպետենցիաները, ու նպաստել գիտարհ(վ)եստի (technology) ապակենտրոն զարգացմանը:
«Սինթեզելով գիտելիքն ու արժեքները»
Խմբակում գործում են հետեւյալ 4 սկզբունքները՝
-
ա. Հմտությունների և կոմպետենցիաների զարգացում
Մենք ուժեղացնում ենք սովորողի այն հմտություններն ու կոմպետենցիաները, որոնք կնպաստեն դիմագրավել գիտարվեստի (technology) ճյուղերի առաջիկա զարգացումից բխող մարտահրավերներին (արհեստական բանականություն, քվանտային համակարգիչներ)։
-
բ. Գիտելիքի և արժեքների համատեղ զարգացում
Մենք ուժեղացնում ենք սովորողի մեջ գիտելիքի, հմտության և հայկական/համամարդկային արժեքների երկուստեք համատեղ զարգացմանն ու պահպանմանը։ Ձգտում ենք ձևավորել անհատներ, ովքեր կկարողանան ինտեգրել գիտական նորարարություններն իրենց մշակութային և մարդկային արժեքների հետ՝ այդպիսով ստեղծելով ներդաշնակ և պատասխանատու մասնագետներ:
-
գ. Հետազոտական և տվյալահեն կանխատեսման կարողությունների զարգացում
Մենք ամրապնդում ենք հետազոտական, տվյալահեն կանխատեսման/որոշման և պլանավորման կարողությունները, իրական կյանքի խնդիրներին հետ առնչվելու և առողջ մրցակցային միջավայր ստեղծելու միջոցով։
-
դ. Նորարարական մեթոդների կիրառում
Մենք առաջարկում ենք ուսուցման նորարարական մոտեցումներ (դասավանդման մեթոդաբանություն, մրցույթներ, ճամբարներ և այլ միջոցառումներ), որոնց միջոցով սովորողները կկարողանան սովորել գիտահեն կոդավորումը, զարգացնել ալգորիթմական մտածողությունը և կիրառել այն տարբեր ոլորտներում:
Փուլեր
Ծրագրի ներդրման փուլերը
Ծրագիրը մշակվել է «ԱՆՏՐՈՀՈՒՍ» կրթական հիմնադրամի կողմից և ստացել է դրական եզրակացություն և երաշխավորում ԿԳՄՍ-ի և ԿԶՆԱԿ-ի կողմից 2024 թվականի Ապրիլի 23-ին։
2024 Սեպտեմբերից մեկնարկել է ծրագրի ներդրումը։ 2024-2025 ուսումնական տարին պայմանականորեն սահմանված է որպես փորձարարական շրջան։
Դպրոցների ընտրություն
Ծրագրի փորձարարական փուլի համար ընտրվել են թվով 5 դպրոցներ՝ հիմք ընդունելով, որ դպրոցը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին․
- Մաթեմատիկայի խորը գիտելիքներով ուսուցիչ/մասնագետի (ճարտարագետ-ուսուցիչ) ներգրավվածություն։
- Միջին և ավագ դասարանների աշակերտների առկայություն (7-ից 12-րդ դասարաններ)։
- Աշակերտների ներգրավվածության ապահովում (2 խումբ, յուրաքանչյուր խմբում 8 աշակերտ)։
- Կրթական միջավայրին համապատասխանեցված պայմաններով դասասենյակ (լուսավորվածություն, սանիտարահիգենիկ պայմաններ, կահույք, գրատախտակ, ջեռուցում)։
- Աշխատող համացանցի առկայություն (լարային կամ անլար)։
- ՏՀՏ գործիքների առկայություն (համակարգիչ՝ առնվազն 5 հատ, էկրան կամ պրոյեկտոր)։
Ճարտարագետ-ուսուցչի ընտրության պահանջները
- Կրթություն՝ նախընտրելի է համակարգչային գիտությունների կամ բնագիտական ոլորտում։
- Փորձ դասավանդման ոլորտում, առավել նախընտրելի են այն ուսուցիչները, ովքեր ունեն ԲՏՃՄ (STEM) առարկաներով դասավանդման փորձ։
- Ալգորիթմական մտածողություն և կիրառություն։
- Գրաֆիկական ծրագրավորման լեզուների (օրինակ՝ Snap!, Scratch, Աղուէս) իմացություն և դրանցով աշխատանքային փորձ։
- Մանկավարժական և մեթոդական հմտություններ։
- Կառուցողական և ընկերական մոտեցում՝ սովորել, ուսումնասիրել և փորձարկել։
- Իրական աշխարհի և կյանքի նախագծերի ամբողջական իրականացում։
- Փուլային ուսուցում, աստիճանական բարդացում, ուղղորդում և հայտնաբերում։
- Տարբերակված և անհատականացված ուսուցում։
- Խաղարկային ուսուցում և այլ առարկաների հետ կապի ստեղծում։
- Տեխնիկական խնդիրների լուծման հմտություններ և ստեղծագործական մոտեցում։
- Աշակերտների մեջ գիտության նկատմամբ հետաքրքրություն ու սեր սերմանելու ձգտում։
- Նորարարական և գիտակողմնորոշված դասընթացների մշակման և իրականացման պատրաստակամություն։
- Խմբակի աշխատանքների կազմակերպման և կառավարման հմտություններ։
- Աշակերտների միջև թիմային աշխատանքի և համագործակցության կազմակերպման հմտություններ։
Ճարտարագետ-ուսուցչի վերապատրաստումներ
Ուսուցիչների ընտրությունից հետո իրականացվում է վերապատրաստումներ, անկախ ուսուցչի հմտություններից և գիտելիքներից։
- Վերապատրաստման ընդհանուր տևողությունը ~40 ժամ է։ Վերապատրաստումն անցնում է 2 փուլով։
- Վերապատրաստումներն իրականացվում են «ԱՆՏՐՈՀՈՒՍ» կրթական հիմնադրամի կողմից առկա ձևաչափով։
- Վերապատրաստման մասնակցությունը անվճար է, կարող են մասնակցել միայն ծրագրում ընդգրկված դպրոցների ուսուցիչները։
Խմբակների մեկնարկ
Խմբակները մեկնարկում են, եթե հետևյալ կետերն իրականացված են՝
- Հիմնադրամի և դպրոցի միջև Հուշագիրը կնքված է։
- Թեմատիկ պլանը հաստատված է հիմնադրամի և դպրոցի կողմից։
- Ճարտարագետ-ուսուցիչը վերապատրաստված է և տեղակայված է (1-ին փուլ)։
- Ճարտարագետ-ուսուցիչը տարիֆիկացված է։
- Խմբերը կազմավորված են։
- Դասացուցակը կազմված է։
- Դասասենյակն առկա կամ պատշաճ կերպով կահավորված է։
- Աշակերտները իրազեկված են։
- Ծնողները իրազեկված են։
Դպրոցներ
Ընտրված դպրոցներ և ծրագրի մեկնարկ
Ծրագրի փորձարարական փուլի համար ընտրվել են թվով 5 հանրակրթական դպրոցներ և 1 մասնավոր ոչ֊ֆորմալ կրթական կենտրոն Գյումրու Զարգացման հիմնադրամի ներքո։ Ծրագիրը ներդրվել է ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային՝ հիմնական, ավագ և միջնակարգ դպրոցներում։
Ուսուցիչները վերապատրաստվել են և 2024 թվականի Սեպտեմբեր ամսից սկսած մեկնարկել է բոլոր 5 դպրոցներում խմբակների դասերը։
Խմբակները գործում են դպրոցների ինֆորմատիկայի կամ ՏՀՏ լաբորատորիաներում, պարտադիր առարկայական դասաժամերից հետո։
Սովորողներն օգտագործում են Բերքլիի համալսարանի snap.berkeley.edu մասնիկներով կոդավորման հարթակը (block-based): Ծրագրի միջերեսը թարգմանված է հայերեն «Անտրոհուս» կրթական հիմնադրամի կողմից, իսկ գիտական մասնիկները դեռ գտնվում են տեղայնացման փուլում։
Մշակված կրթական բովանդակությունն ունի ազատ արտոնագրով օգտագործման և տարածման իրավունք․
- Ուսուցչի մեթոդական ուղեցույց
- Ուսուցչի դասավանդման սահիկաշարեր
- Աշակերտի ձեռնարկ
- Բարդ նախագծերի ձեռնարկ
- Տեսական նյութեր
- ԶԱՌԻԹԱՓԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ Ճարտարագետ-ուսուցիչ ԱՆԱՀԻՏ ԱԼՈՅԱՆ
- ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ Ճարտարագետ-ուսուցիչ ԳԱՅԱՆԵ ՖԱՆՅԱՆ
- ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ Ճարտարագետ-ուսուցիչ ԱՐՄԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
- ԹԱԼԻՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ Ճարտարագետ-ուսուցիչ ԼԱԼԱ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
- ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 143 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ Ճարտարագետ-ուսուցիչ ՆԱԶԻԿ ՍԱՐՈՅԱՆ
Մշտադիտարկում և ծրագրի ընդլայնում
Փորձարարական փուլից հետո խմբակների ծրագիրը կընդլայնվի և կզարգանա ինչպես բովանդակային, այնպես էլ տարածքային ուղղություններով։ Բովանդակային առումով նախատեսվում է պարզ ռոբոտաշինական սարքերի (համակարգչային տեսողություն) ինտեգրում և մշակված ուսումնական նյութերի կիրառումը այլ կրթական ծրագրերում: Տարածքային ընդլայնման շրջանակում առաջնահերթությունը կտրվի մարզային և տարածաշրջանային (Ջավախք) ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում գործունեությանն ու համագործակցությանը՝ ֆրենչայզինգի մոդելով։
Ծրագրի փորձարարական փուլի մեկնարկից սկսած «Անտրոհուս» կրթական հիմնադրամը իրականացնում է մի շարք մշտադիտարկման միջոցառումներ՝ ապահովելու ծրագրի արդյունավետությունն ու շարունակական զարգացումը։ Դրանք ներառում են ամսական կտրվածքով բովանդակային հաշվետվողականության գործընթացները ուսուցիչների կողմից, հարցաշարերն ու ֆոկուս խմբերի կազմակերպումը, աշակերտների շրջանում գոհունակության հարցումները, այցելություններ, տեղեկատու հանդիպումների անցկացում, ինչպես նաև ակտիվությունների տարբեր ցուցանիշների մշտադիտարկում։